PR դպրոցը բացառիկ հնարավորություն PR մասնագետների համար
«Հանրային կապերի /PR/ դպրոց»-ի մասնակիցներն աստիճանաբար գաղտնազերծում են հանրային կապերի ոլորտում առկա PR գործիքները:
Ուսուցողական ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպում են ոլորտում նշանակալի դերակատարություն ունեցող անձանց հետ, ովքեր ներկայացնում և փոխանցում են իրենց հաջողված փորձը:
Այսօր «PR դպրոց»-ում հյուրընկալվել էր քաղաքական գիտությունների դոկտոր, մի շարք հեռուստածրագրերի, ինչպես նաև վավերագրական ու հրապարակախոսական ֆիլմերի հեղինակ և վարող, 2005-2008 թթ. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
Խոսելով հանրային կապերի պատասխանատուների գործառույթների մասին` Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ սա, այն ոլորտն է, որտեղ յուրաքանչյուր արտահայտված միտք պետք է մտացածին լինի. «PR պատասխանատուները, մամուլի քարտուղարները մշտապես պետք է լինեն հասարակության և իշխանության միջև հաղորդակցման երաշխավորը: Ցանկացած արտակարգ իրավիճակի մասին հանրությունը իրավունք ունի տեղեկանալու և մասնակիցը լինելու, ուստի մենք` մամուլի քարտուղարներս, պարտավոր ենք լինելու էպիկենտրոնում` հետաքրքրությունների և հարցերի չափաբաժինը բավարարելու համար,- նշեց Սողոմոնյանը` հավելելով, որ այսօր այլ պետությունների հետ համեմատ մեզնում ոլորտի պատասխանատուները գործում են, բավականին, ակտիվ: «Կան պետություններ, որտեղ նախագահի մամլո խոսնակները պարբերաբար հանդես չեն գալիս ասուլիսներով, բրիֆինգներով, հայտարարություններով, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք վատ մասնագետներ են, պարզապես նման դիրքորոշումները պայմանավորված են տվյալ պետության նախագահի գործելաոճով, հաճախակի հրապարակային ելույթներով,- փաստեց Վիկտոր Սողոմոնյանը:
Հանդիպման ընթացքում մասնակիցների և հյուրի միջև տեղի ունեցավ ինտերակտիվ շփում` հարց ու պատասխանի տեսքով:
Հիշեցնենք, որ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող «Հանրային կապերի /PR/ դպրոց»-ի նպատակն է PR մասնագետներին ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ փոխանցել մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, պատրաստել հանրային կապերի մասնագետներ, ովքեր կկարողանան ճիշտ ու գրագետ իրականացնել իրենց գործառույթները:
Комментариев нет:
Отправить комментарий