Դասարան առանց պատերի
Վաղուց արդեն արդիական չէ դասարան համարել այն տարածքը, որը ունի չորս պատ, մեկ դուռ և մի քանի պատուհան: Մի՞թե սովորելու համար անհրաժեշտ են պատեր. ամենևին էլ ոչ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շարունակում է ապացուցել, որ դասապրոցես կարելի է կազմակերպել ամենուր. բակում, պարտեզում, դպրոցի միջանցքներում, թանգարաններում, ամենուրեք, որտեղ կարող են տեղավորվել մի երկու տասնյակ սովորող և ուսուցիչ: Արդեն իրականություն է այն, որ արվեստի պատմության դասերը սովորողները
դասավանդողի հետ անցկացնում են թանգարաններում, ցուցահանդեսներում, ուսումնական ճամփորդություններում:
Հիմնականում նման դասերը բավականին ժամանակ են պահանջում և այդ իսկ պատճառով, նրանք
հիմնականում անցկացվում են շաբաթ օրերին: Նման ճամփորդությունների ժամանակ բացի տեսարժան
վայրեր այցելությունները, սովորողները դասավանդողի հետ զբոսնում են քաղաքով, միմյանց
հետ ժամանակ անցկացնում, ինչը թույլ է տալիս ոչ ֆորմալ իրավիճակում ավելի լավ ճանաչել
միմյանց: Ի դեպ, դասերի նման կազմակերպումը արդեն մի քանի տարի է ինչ ամրագրված է նաև
կրթահամալիրի ուսումնական պլաններում: Նման շփման հնարավորություն են տալիս նաև ուսումնա-հասարակական
աշխատանքները: Դրանք հիմնականում իրականացվում են դպրոցի պարտեզներում, ներքին և արտաքին
բակերում, որտեղ սովորողները դասավանդողի ղեկավարությամբ փորում են հողը, տնկում ծառեր
և ծաղիկներ, խնամում դրանք, հետևում մաքրությանը: Նման խնամք են իրականացնում նաև դպրոցի
ներսի տարածքում գտնվող թաղարներով բույսերի հանդեպ: Այս ամենը սովորեցնում է նրանց
ավելի զգայուն և նրբանկատ լինել շրջակա միջավայրի և առհասարակ բնության հանդեպ: Նման
աշխատանքները հաճախ վերածվում են նախագծերի: Նախագծերի արդյունքում կրթահամալիրը
ունեցավ վարդերի պուրակ, գաճաճ թփերի ծառուղի և այլն:
Ահա
այս ամենն է ընկած առանց պատերի դասարանի գաղափարի հիմքում, որը դեռևս ամառվանից սկսեց իրագործել Միջին դպրոցը: Քարե միջնապատերը փոխարինվեցին ապակիներով, ընդլայնվեցին դասարանները, ամեն բան պարզ, հստակ, թափանցիկ և լուսավոր դարձավ: Իհարկե, սկզբում փոքր-ինչ անսովոր էր թե՛ սովորողների, և թե՛ դասավանդողների համար: Թվում էր, դասերը միմյանց խանգարելու են, սովորողները շեղվելու են, աղմուկը շատ է լինելու: Եվ իսկապես, առաջին ամիսը դեռ ընտելանալու, սովորելու, հաշտվելու ամիս էր: Անսովոր էր հատկապես նորեկ սովորողների համար, որոնց համար ոչ միայն թափանցիկ դասարաններն էին անսովոր, այլ կրթահամալիրում ամեն բանն էր նորովի, յուրահատուկ: Սակայն, ժամանակը, ձեռք բերած փորձն ու հմտությունները ամեն բան կարգավորեցին: Դասարաններն իրենց նոր կազմակերպման ձևով վերածվեցին դասարան-լաբորատորիաների, իսկ ակումբ-ընթերցասրահը դարձավ ուսուցիչների և սովորողների սիրված հավաքատեղին: Այստեղ են անցնում քննարկումները, բաց դասերն ու սեմինարները: Առանց պատերի միջավայրը դարձավ այս տարվա կրթահամալիրային բացահայտումը, որը որպես նորություն ներկայացվեց աշնանային բաց հավաքին, Արցախից ժամանած հյուրերին, ՀՀ վարչապետին:
Ուսուցման նման կազմակերպումը ավելի դյուրին դարձրեց նաև կազմակերպիչների աշխատանքը, թույլ տալով միաժամանակ հետևել հինգ-վեց դասարանում իրականացվող գործունեությանը, սովորողների կարգապահությանը, տեսնել, թե ինչո՞վ են նրանք զբաղվում դասին, արդյոք ճիշտ են օգտագործում ուսումնական գործիքը, ո՞վ է ներգրավված դասին, ո՞վ ՝ պասիվ: Կարծում եմ՝ փորձը հաջողված է և երկրորդ կիսամյակը սկսում ենք ավելի վստահ, աշխատանքային ծրագրով և անխոչընդոտ-անպատ միջավայրով, հստակ պատկերացնելով անելիքներն ու խնդիրները:
Комментариев нет:
Отправить комментарий