суббота, 11 января 2014 г.

Դիջիպատում
Երբ ուզում էի սկսել դիջիպատումս, կարծում էի ասելիք չեմ ունենա, կարծում էի քիչ եմ աշխատել կամ ձեռքբերումներս այդքան էլ նշանակալից չեն: Սակայն, երբ սկսեցի մտքերս ի մի բերել, հասկացա, որ տարին բավականին բովանդակալից է եղել. չէի մտաբերում, քանի որ գործը արել եմ սիրով , հոգատարությամբ և հետևողականությամբ:
Դիջիպատումս ուզում եմ սկսել բոլորիս համար ամենակարևոր ձեռքբերումով. դա անհետացող պատերն էին: Նրանց եկան փոխարինելու ազատ, արևոտ, լուսավոր ու ընդարձակ տարածքները, որից հետո՝ ապակեպատ լսարանները: Իմ ամենակարևոր ձեռքբերումը  դա «Բակը՝ կրթական միջավայր» նախագծի իրականացումն էր: Մեծ ձեռքբերում եմ համարում նաև ընկեր Քաջիկի հետ խաղաղ, հանգիստ աշխատելը, չեմ կարող չնշել, որ նա մեզ շատ է օգնել իր բազմափորձ խորհուրդներով: Սովորողների հետ միասին համառ աշխատանքի արդյունքում ունեցանք մի չքնաղ վարդանոց, որտեղ կյանք են առել 500-ից ավելի վարդեր և ամեն աշխատանքային առավոտ մեր աչքն են շոյում և էսթետիկական հաճույք պատճառում: Ես իրոք հիացած և ոգևորված եմ այս նախագծով, որովհետև ես երբեք չէի պատկերացնի սեփական բակ, այգի կամ հողամաս չունեցող մեկը, ով երբեք բահ ու փոցխ չի բռնել, նման նախագծի պատասխանատվություն ստանձնի: Այ սա է իսկական ձեռքբերումը: Այս նախագիծը շարունակական է. իմ կարծիքով սա նույնիսկ երկարաժամկետ չի կարելի համարել, քանի որ բնությունը կյանք է , իսկ կյանքը անընդհատ շարունակվում է:
Այս նույն եռանդով սկսելու ենք մեր մարզադաշտերի կանաչապատման, գարնանային շին աշխատանքները , քանի որ կանաչ տարածքներ ունենալը և գորշ ասֆալտից ազատվելը բոլորիս երազանքն է:
2014թ.-ի հանրակրթական Դիջիթեք միջազգային ստուգատեսի պատասխանատու դպրոցը Միջին դպրոցն է , որին շատ լուրջ ենք պատրաստվում և մեզ մաղթում եմ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:
Այս ուսումնական տարում ինձ է վստահվել 7-8-րդ դասարանների կազմակերպչի աշխատանքը, շնորհակալ եմ վստահության համար: Ունեցել ենք բազմաթիվ ուսումնական ճամփորդություններ : Բավական ակտիվ , շնորհալի սովորողների խումբ է, որը առավել պարտավորեցնող է:

Խնդրում և առաջարկում եմ աշխատանքային որակյալ նոր գործիքներ ձեռք բերել

пятница, 10 января 2014 г.


Դասարան առանց պատերի

Վաղուց արդեն արդիական չէ դասարան համարել այն տարածքը, որը ունի չորս պատ, մեկ դուռ և մի քանի պատուհան: Մի՞թե սովորելու համար անհրաժեշտ են պատեր. ամենևին էլ ոչ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը շարունակում է ապացուցել, որ դասապրոցես կարելի է կազմակերպել ամենուր. բակում, պարտեզում, դպրոցի միջանցքներում, թանգարաններում, ամենուրեք, որտեղ կարող են տեղավորվել մի երկու տասնյակ սովորող և ուսուցիչ: Արդեն իրականություն է այն, որ արվեստի պատմության դասերը սովորողները դասավանդողի հետ անցկացնում են թանգարաններում, ցուցահանդեսներում, ուսումնական ճամփորդություններում: Հիմնականում նման դասերը բավականին ժամանակ են պահանջում և այդ իսկ պատճառով, նրանք հիմնականում անցկացվում են շաբաթ օրերին: Նման ճամփորդությունների ժամանակ բացի տեսարժան վայրեր այցելությունները, սովորողները դասավանդողի հետ զբոսնում են քաղաքով, միմյանց հետ ժամանակ անցկացնում, ինչը թույլ է տալիս ոչ ֆորմալ իրավիճակում ավելի լավ ճանաչել միմյանց: Ի դեպ, դասերի նման կազմակերպումը արդեն մի քանի տարի է ինչ ամրագրված է նաև կրթահամալիրի ուսումնական պլաններում: Նման շփման հնարավորություն են տալիս նաև ուսումնա-հասարակական աշխատանքները: Դրանք հիմնականում իրականացվում են դպրոցի պարտեզներում, ներքին և արտաքին բակերում, որտեղ սովորողները դասավանդողի ղեկավարությամբ փորում են հողը, տնկում ծառեր և ծաղիկներ, խնամում դրանք, հետևում մաքրությանը: Նման խնամք են իրականացնում նաև դպրոցի ներսի տարածքում գտնվող թաղարներով բույսերի հանդեպ: Այս ամենը սովորեցնում է նրանց ավելի զգայուն և նրբանկատ լինել շրջակա միջավայրի և առհասարակ բնության հանդեպ: Նման աշխատանքները հաճախ վերածվում են նախագծերի:  Նախագծերի արդյունքում կրթահամալիրը ունեցավ վարդերի պուրակ, գաճաճ թփերի ծառուղի և այլն:
Ահա այս ամենն է ընկած առանց պատերի դասարանի գաղափարի հիմքում, որը դեռևս ամառվանից սկսեց իրագործել Միջին դպրոցը: Քարե միջնապատերը փոխարինվեցին ապակիներով, ընդլայնվեցին դասարանները, ամեն բան պարզ, հստակ, թափանցիկ և լուսավոր դարձավ: Իհարկե, սկզբում փոքր-ինչ անսովոր էր թե՛ սովորողների, և թե՛ դասավանդողների համար: Թվում էր, դասերը միմյանց խանգարելու են, սովորողները շեղվելու են, աղմուկը շատ է լինելու: Եվ իսկապես, առաջին ամիսը դեռ ընտելանալու, սովորելու, հաշտվելու ամիս էր: Անսովոր էր հատկապես նորեկ սովորողների համար, որոնց համար ոչ միայն թափանցիկ դասարաններն էին անսովոր, այլ կրթահամալիրում ամեն բանն էր նորովի, յուրահատուկ: Սակայն, ժամանակը, ձեռք բերած փորձն ու հմտությունները ամեն բան կարգավորեցին: Դասարաններն իրենց նոր կազմակերպման ձևով վերածվեցին դասարան-լաբորատորիաների, իսկ ակումբ-ընթերցասրահը դարձավ ուսուցիչների և սովորողների սիրված հավաքատեղին: Այստեղ են անցնում քննարկումները, բաց դասերն ու սեմինարները: Առանց պատերի միջավայրը դարձավ այս տարվա կրթահամալիրային բացահայտումը, որը որպես նորություն ներկայացվեց աշնանային բաց հավաքին, Արցախից ժամանած հյուրերին, ՀՀ վարչապետին:
                                                                                
Ուսուցման նման կազմակերպումը ավելի դյուրին դարձրեց նաև կազմակերպիչների աշխատանքը, թույլ տալով միաժամանակ հետևել հինգ-վեց դասարանում իրականացվող գործունեությանը, սովորողների կարգապահությանը, տեսնել, թե ինչո՞վ են նրանք զբաղվում դասին, արդյոք ճիշտ են օգտագործում ուսումնական գործիքը, ո՞վ է ներգրավված դասին, ո՞վ ՝ պասիվ:  Կարծում եմ՝ փորձը հաջողված է և երկրորդ կիսամյակը սկսում ենք ավելի վստահ, աշխատանքային ծրագրով և անխոչընդոտ-անպատ միջավայրով, հստակ պատկերացնելով անելիքներն ու խնդիրները:



суббота, 28 сентября 2013 г.

Արտագնա կլոր սեղան Մեծամորի ավագ դպրոցում

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, միջին և ավագ դպրոցի մի խումբ սովորողներ և դասավանդողներ եղան Մեծամորի ավագ դպրոցում: Մեր նպատակը մեկն էր՝ կլոր սեղանի շուրջ ծանոթացնել կրթահամալիրի կայքին, ենթակայքերին, հրավիրել մասնակցելու  հանրակրթական Դիջիթեք 2014-ին , ծանոթացնել նախագծային ուսուցման արդյունավետությանը: Դպրոցը ջերմ էր, հյուրընկալ:
Հանդիպումից հետո միջին դպրոցի սովորողները այցելեցին Մեծամորի թանգարան, իսկ ավագ դպրոցը՝ Սարդարապատի հուշահամալիր:





пятница, 27 сентября 2013 г.

«Աշխատող սովորողը» կրթահամալիրում
Կրթահամալիրում սովորողն ունի ամենալավ պայմանները ուսում ստանալու, զարգանալու, սակայն լինում են դեպքեր, երբ սովորողի ընտանիքում լինում են սոցիալական դժվարություններ, և վճարման խնդիրներ են առաջանում: Ի՞նչ անել, շարունակել սովորե՞լ, թե՞ փոխել դպրոցը: Ի՞նչ անի ընտանիքն այդ դեպքում, իհարկե, կանգնում է դժվար ընտրության առաջ. երեխան չի ցանկանում փոխել դպրոցը, որովհետև այստեղ իրեն լավ է զգում, ունի ընկերներ, այստեղ ստանում է այն, ինչ իրեն պետք է: Այստեղ է , որ կրթահամալիրը աչքի է ընկնում իր անկրկնելիությամբ, հնարամտությամբ  և ապացուցում է, որ սովորողի համար ստեղծում է ամենատարբեր պայմանները, միայն թե հնարավորություն տա սովորողին սովորել: Այս դեպքում էլ ելք կա, կրթահամալիրը սովորողին հնարավորություն է տալիս աշխատանքի միջոցով վճարել իր ուսման վճարը: Չեմ ասի, որ շատ հեշտ է դրա կազմակերպումը, նախ անհրաժեշտ է աշխատատեղ ստեղծել, սովորողի տարիքին ու հնարավորություններին համապատասխան, որպեսզի նա աշխատանքի միջոցով հմտություններ ու կարողություններ ձեռք բերի, որը հասուն կյանքում հաստատ պետք է գալու ընտանիք կազմելու, ընտանիքի կարիքները հոգալու համար: Սա ունի հոգեբանական նշանակություն. սովորողներին հասկացնել, որ ցանկացած աշխատանք պատվավոր է, որ չի կարելի ամաչել աշխատելուց, որ ծնողը, եթե չի կարողանում, վճարել, ապա սովորողը կարող է իր ընտանիքին օգնել իր աշխատանքով, արդեն փոքր տարիքից հոգալ նաև ընտանիքի կարիքները: Սա հետագայում միայն դրական ազդեցություն կունենա անձի, քաղաքացու բնավորության զարգացման խնդրում: Արդեն ունենք Միջին դպրոցում աշխատող սովորողների փորձ, ովքեր աշխատում են պարտեզում, ջերմոցում, խեցեգործության լաբորատորիայում, գրադարանում, նաև ՝ ամռանը  դպրոցում տարվող շինարարական աշխատանքներում: Բավականին լուրջ խումբ է ստեղծվել, ունենք սովորողներ, ովքեր արձակուրդների ընթացքում ամեն օր աշխատող բանվորների հետ միասին աշխատեցին ու վճարեցին իրենց ուսման վճարները:

Աշխատանքի կազմակերպման այս ձևը շարունակական է, արդյունքների մասին կխոսենք քիչ ավելի ուշ:

Արտագնա կլոր սեղան Մեծամորի ավագ դպրոցում
Վայրը - Մեծամորի ավագ դպրոց
Նպատակը – Աշնանային 8-րդ հավաք, արտագնա կլոր սեղան
Ներկայացնել աշնանային ստեղծագործական 8-րդ հավաքը
Այցելություն, Սարդարապատի հուշահամալիր
Ծրագիր
  1. Ներկայացումներ՝
    Ուսումնական նախագծեր
    Հանրակրթական ԴիջիԹեք 2014  
  2. Քննարկում, առաջարկների գրառում, ստուգատեսների հրավերների առաջարկներ,անվանակարգերի ներկայացում

Ճամփորդության օրը - 28.09.2013թ Ճամփորդության ժամանակը - 09:00-17:00
Մեկնումը – Մայր դպրոցից
Մեզ հետ վերցնում ենք - թվային տեսախցիկ, տեղեկատվական թերթիկներ, գրքեր
Ուսումնական ճամփորդության պատասխանատու`Լուսինե Սարգսյան, Քրիստինե Սահակյանց, Սուսան Սահակյան, Գնել Հարությունյան